Posted in Մայրենի 5.2

Աղաչանք

Ամառնամուտ էր։

Գնում էի Հաղարծնի անտառով։ Երկնամերձ հաճարենիները այնպես փարթամորեն էին տերևակայել, որ արեգակի ճառագայթները միայն տեղ-տեղ էին նեղ շերտերով թափանցում անտառի աղջամուղջը։

Աշնանը թափված տերևները ձյան հաստ շերտի տակ կպել էին իրար, ամրացել, և ես ընթանում էի տերևներից մամլած այդ խալավոր «թաղիքի» վրայով։

Իմ առաջ մի փոքր ձորակ բացվեց, այդտեղ սև հաղարջի թփեր կան։ Մոտեցա, ձեռքս մեկնեցի նոր սևացող ողկույզներին և դեռ չքաղած՝ խշխշոց լսեցի վերևում, զգացի, որ անասուն է անցնում։ Որսորդի բնազդով իսկույն բացեցի հրացանիս փակը ու հայցքով շարունակեցի հետախուզել անտառը։ Այդ պահին ուղիղ իմ դիմաց, հաճարենիների   ճերմակավուն  բների հետևում մի թուխ արջ երևաց, որ աշխատում էր աննկատելի առաջ գնալ և նետվել հաջորդ ձորակը։ Արջն այդպես է ՝ քանի իրեն չեն նկատել, զսպում է իր տագնապը, կեղծ հանգիստ է ձևանում և ջանում է անձայն ծածկվել մարդու տեսողությունից։ Ու հենց դուրս եկավ որսորդի տեսողության դաշտից՝ փախչում է ՝ ճյուղ ու թուփ փշրելով։

Հիմա ձևացնում է, թե՝ հե՛չ, իբր ինձ չի նկատել ու  մի աչքով թաքուն իմ շարժումներին հետևելով ՝ առաջ է գնում կողքահանց։ Մեծ, փորձված արջ է և շատ լավ գիտե, թե ինչ է ձեռքիս, ու գաղտագողի հրացանիս է նայում։

Ես անմիջապես նստեցի և նշան բռնեցի։ Հենց հրացանը մեկնեցի, դա երեսով դարձավ դեպի ինձ, պպզեց և առաջին թաթերը վեր բարձրացրեց։ Դողդողում է սարսափից ու ինձ  թվում է իր արջային լեզվով բան է ասում- խուլ, աղաչական ձայներ է հանում։ Այսպես անսովոր էր այդ գազանի վարմունքը, որ ես անակնկալի եկած, ետ քաշեցի զենքս ու դիտում եմ հետաքրքրությամբ, զարմացած։

Թաթերն իջեցրեց, նորից դարձավ չորքոտանի ու առաջ է գնում դիմացիս լանջով՝ ու էլի աչքը չի կտրում ինձնից։ Ես ուշքի եկա և արագ նշան բռնեցի։ Քիչ էր մնում ձգանը քաշեի, երբ նորից թաթերը վեր բարձրացրեց ու առանց խոսքերի պաղատեց՝ «Մ՛ի սպանի ինձ, մա՛րդ․․․»։

Այնքան արտահայտիչ էին նրա շարժումները, որ ինձ մի պահ թվաց, թե նա ինձ ուղղակի ասաց թախանձանքով լի այդ բառերը։

Եվ ինձ նույնպես պատեց ահը, ահ, որ առաջացավ անլեզու կենդանու այդ զարմանալի արարքից։ Եվ երբ տեսա այդքան հաջող որսս ձեռքիցս գնալու է, ինձ նախատեցի իմ թուլության համար ու անմիջապես մոլեգնեց որսորդական կիրքն իմ մեջ։ Նորից նշան բռնեցի։ Եվ երբ արջը նորից թաթերը վեր բարձրացրեց, իմ մեջ խղճահարությունը տեղի տվեց արհամարհանքի՝ ինչ շատ է մտածում իր կյանքի մասին․․․ և ինչքան էլ ստորանում է, մինչդեռ կարող էր հարձակվել ու քաջությամբ իր կյանքը պաշտպանել․․․ Չէ՞, սա իր կյանքի համար դողացող թուլամորթի մեկն է ․․․  Եվ հենց ձգանը քաշում էի, գազանը տարօրինակ ձայն հանեց, և այդ ձայնի վրա ինձնից քիչ ցած խշշոց լսվեց թփերում։ Նայեցի և քարացա․ նրա քոթոթները դուրս վազեցին թփուտից, ուր թաքնվել էին իրենց մոր հրամանով, ու թեք լանջն ի վեր շտապեցին նրա մոտ։

Ահա՛ թե ինչի է կյանք խնդրում ինձանից․․․ Ահա ում համար է ուզում ապրել․․․

Կարծես սրտիցս մի ծանր քար ընկավ։ Հրացանը գոգիս դրած, հրճվալից հայացքով նայում եմ սայթաքող, գլորվող ու նորից անճոռնի վազքով դեպի իրենց մայրը շտապող քոթոթներին, ու գոհ եմ, որ ձգանը քաշեցի։

Եվ երբ ձագերը հասան իրենց մորը, ես կանգնեցի ու օդում գլխարկս թափահարելով բարձր կանչեցի․

— Գնացեք, կյանքներդ բաշխում եմ․․․ Բարի ճանապարհ․․․

Արջը շարժվեց, բայց ահով լի հայացքը չէր կտրում ինձնից, և ես տրամադիր եմ ենթադրելու, որ այդ պահին նա իր արջային լեզվով օրհնում էր ինձ․

— Շնորհակալ եմ, մա՛րդ, որ խնայեցիր կյանքս՝ ձագերիս համար։

Ես գլխարկս նորից թափահարեցի, ինչպես ճանապարհ են դնում ծանոթներին, և նրանք՝ մայր ու ձագեր, մտան հաջորդ ձորակը ու ծածկվեցին իմ տեսողությունից։

Ընտրածդ պատմվածքը տեղադրի՛ր բլոգումդ, գրի՛ր, թե պատմվածքն ինչի մասին է և ինչ սովորեցրեց։

Այս պատմվածքը արջի և որսորդի մասին է: Թե ինչպես է արջը անհասկանալի ձևով կարծես փորձում է ինչ որ բան հասկացնել և որսորդը նախքան գործելը փորձում է հասկանալ արջի պահվածքը և վերջում նոր է հասկանում որ արջը ունի քոթոթներ: Այս պատմությունից հասկանում ենք որ մարդը պետք է միշտ մտածելով գորի: որևե բան անելուց առաջ պետք է նախ մտածել և հետո գործել, դրանից բացի էլ կենդանիներն էլ ունեն զգացմունք նա մանավանդ մայրական զգացմունքներ :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *